Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Բուժում է կաթնբեկը. 168.am

Բուժում է կաթնբեկը. 168.am

Աստղածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող խոտաբույս է։ Տարբերում են կաթնբեկի դաշտային (Sonchus arvensis), անհարթ (S.asper) և բանջարանոցային (S. oleraceus) տեսակները։

 

Հետաքրքիր է, որ բույսի գերմաներեն անվանումը համահունչ է հայերենին` Milchdistel, իսկ պաշտոնապես ընդունվածը` Gansedistel, թարգմանվում է «մոլախոտ»։ Կաթնբեկը երկիր մոլորակի վրա աճող հնագույն բույսերից է և եզակի է նաև այն պատճառով, որ տարածված է և՛ Հարավային, և՛ նաև Հյուսիսային կիսագնդերում։ Աճում է գրեթե ամենուր ՀՀ նախալեռնային և լեռնատափաստանային գոտիներում. հաճախ է հանդիպում ճամփեզրերին, վարելահողերի վրա, խաղողի և մրգատու այգիներում։

 

Կաթնբեկ բանջարանոցայինը միամյա խոտաբույս է, որը հաճախ է հանդիպում արմատապտուղների ցանքերում։ Պարարտ ոռոգվող հողերի վրա բույսը շատ արագ է բազմանում ինքնացան եղանակով։ Բուսահնէաբանները կարծում են, որ հնում բույսը լայնորեն օգտագործվել է սննդի մեջ։

 

Այլ է իրավիճակը կաթնբեկ դաշտայինի դեպքում, որը հողը վարելուց հետո կարող է գրավել շատ մեծ տարածքներ, քանի որ նույնիսկ մասնատված արմատները և ցողունի մասերը շատ արագ նոր արմատային ծիլեր են տալիս, որոնք պատրաստ են ձմեռելու։ Կաթնբեկ բանջարանոցայինի ցողունն ուղղաձիգ է, բարձրությունը` 10-100 սմ, տերևները նստադիր են, խորը կտրտված` սուր գագաթով, ատամնաեզր, հիմքում` սրտաձև. արտաքուստ նման են նետի։

 

Ծաղիկները լեզվակավոր են, դեղին գույնի, հավաքված են վահանաձև ծաղկաբույլերի մեջ։ Ծաղկման շրջանը բավականին երկար է` հունիս-սեպտեմբեր։ Բոլոր կաթնբեկները մեղրատու բույսեր են, 1 հա-ից մեղրատվությունը հասնում է 120 կգ-ի։ Մեղրը բաց դեղին է, նուրբ բուրմունքով, համեղ։ Կաթնբեկ բանջարանոցայինն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ։

 

Վերգետնյա մասը հավաքում են ծաղկման շրջանում, չորացնում են օդափոխվող ծածկի տակ։

 

Պարունակում է զգալի քանակությամբ ենթավիտամին A, դաբաղանյութ, չնչին քանակությամբ կաուչուկ։

 

Բույսն ունի արյունարգել, հակաբորբոքային, լուծողական, որդաթափ, լեղամուղ հատկություններ, ավելացնում է կերակրող մայրերի կաթը, օգտակար է դաշտանադադարի շրջանում` որպես նյարդերը հանգստացնող միջոց։ Բույսի թուրմը և եփուկը կարելի է խմել որպես կանխարգելիչ միջոց հաճախ կրկնվող դաշտանային փուլի խանգարման և արգանդային արյունահոսության դեպքում։

 

  • Կերակրող մայրերին խորհուրդ է տրվում օրը 3 անգամ խմել մեկական թ/գ կաթնբեկի թարմ տերևներից ստացված հյութ, 100 գ կաթի հետ։

 

Բարորակ ուռուցքներ. խմել 2-ական թ/գ հյութ` օրը 3 անգամ։

 

  • 5 գ չոր խոտը 30 րոպե թրմել 100 մլ եռացրած ջրում, քամել։ Խմել 2-ական թ/գ` օրը 3-4 անգամ։
  • 10 գ չոր ծաղկաբույլերին ավելացնել 200 մլ եռացրած ջուր, 10 րոպե եփել ջրային բաղնիքի վրա, 1 ժամ թրմել, քամել։ Խմել 50-ական մլ` օրը 3 անգամ։

 

Թութք. 40 գ չոր խոտը 5 րոպե եփել 1 լ եռացրած ջրում, 15 րոպե թրմել, ավելացնել լոգանքի ջրին։ Կատարել օրը մեջ, տևողությունը` 15 րոպե։

 

Հոդատապ. 2 թ/գ թարմ արմատը 10 օր եփել եռացող ջրային բաղնիքի վրա, 1 ժամ թրմել, քամել։

 

Խմել 1-ական ճ/գ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։

 

  • Օգտակար է նաև բույսի խոտի եփուկը.
  • 10 գ չոր խոտը 10 րոպե եփել 200 մլ եռացրած ջրում, վերականգնել նախնական ծավալը եռացրած ջրով, քամել։ Խմել 50-ական մլ` օրը 3 անգամ։

 

Արյունահոսող վերքեր. Տրորել թարմ տերևը և դնել վերքի վրա։

 

Աղցան կաթնբեկի մատղաշ տերևներով. Լվացած տերևները 40 րոպե պահել սառը ջրի կամ 10 տոկոսանոց աղաջրի մեջ, քամել, փաթաթել մաքուր կտորի մեջ։ Խառնել թթու դրած վարունգ և ծովաբողկի արմատի քերուկ։ Ավելացնել թթվասեր։ 

 

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ